Ուկրաինական իրադարձությունները այսօր կամա թե ակամա «ջրի երես» են հանել նաև հայ քաղաքական էլիտայի պատկերացումները, դիրքորոշումները հեղափոխության, իշխանափոխության բնույթի մասին: Եվ եթե առանձին քաղաքացիական ակտիվիստներ թեկուզ վիրտուալ տարածքում արտահայտում են իրենց աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, տարածում նրանց պայքարը խորհրդանշող նկարներ ու տեսանյութեր, ապա իրենց ընդդիմադիր հայտարարած մի հատվածի մտահոգությունները բոլորովին այլ ոլորտից են: Ուկրաինայի հասարակությունն այսօր, ինչպես տասը տարի առաջ, ալեկոծվել է և իր վրա սևեռել աշխարհի ուշադրությունը, որովհետև իր առջև դրել է գլոբալ փոփոխությունների խնդիրներ: Անկախ այն բանից, թե ինչ ելք կունենա այդ պայքարը, այն կարող է հանգեցնել տեսանելի փոփոխությունների, հասարակությանը դուրս բերել ճահճից, հարմարվողի կարգավիճակից: Եվ այսօր աչք փակել այդ ամենի վրա, հիշել, որ, երբ Հայաստանում տեղի է ունեցել Մարտի 1, Ուկրաինան մեզ չի աջակցել, մենք էլ կարող ենք նույն կերպ հակադարձել, գիտակից քաղաքացու պահվածք չէ, ո՛չ էլ՝ մտածելակերպ: Ասելը, որ մեզ լիուլի բավարար են մեր խնդիրները, և չկա ժամանակ ու ցանկություն՝ տապակվելու հետխորհրդային մեկ այլ երկրում տեղի ունեցող իրադարձություններով, մտահոգվելու նրա ճակատագրով, միայն ազգային եսակենտրոնությունից է բխում, և՝ ոչ ավելին:
Երբ քո առջև դնում ես կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ պայքարի խնդիր և սպասում Սահմանադրական դատարանի որոշմանը (այն նույն ՍԴ-ի, որի որոշումները, գիտենք, թե ինչպես են մինչ օրս կայացվել), քո երկրում չեն կարող լինել փոփոխություններ, կամ՝ համենայնդեպս՝ այն փոփոխությունները, որոնք կարող են երկիրդ դուրս բերել ճահճային վիճակից:
Հիշենք միայն, որ մեր հասարակությունը կարողացել է հետընտրական ճգնաժամային իրավիճակներում ցուցաբերել Ուկրաինայի հասարակությունից ոչ պակաս անձնազոհություն ու համախմբվածություն, և հարկ եղած դեպքում կարող է կրկնել նույնը: Եթե իսկապես կարողանա գտնել իրեն արժանի առաջնորդների:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ